Ճիշտ է, Սերժ Սարգսյանը «վճռական մենակի» կարգավիճակով է իրականացնում ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավը, ինչն առանձին վերլուծության թեմա է, այնուհանդերձ, գնալ Արարատի մարզ` առանց մարզի «ասողի», համատեղությամբ շտաբի պետի, արդեն իսկ շատ բան է նշանակում:
Ճիշտ է, «ճկուն» Հովիկ Աբրահամյանը ձևը գտել էր (ոնց երևում է` թոռները «շա՜տ էին խնդրել և ուզել»` նախագահին տեսնել, ինքն էլ, բնականաբար, չէր կարող մերժել յուր թոռներին) ու թոռներին, մարզեցիներին ցույց էր տվել` ինքը կա, անմահ է. ո՞նց թե Ալիկ Սարգսյանը լինի Արտաշատում` Սերժի կողքին, իսկ ինքը «նի՞խտ», ստացվի` էլ «ասող» չէ:
Մի խոսքով, գնացել-խառնվել էր միտինգավորներին` շարքայինի կարգավիճակում, նկարվել թոռնիկների (մեկ-երկու` ծիտիկը թռա՜վ) հետ, «գցվել» ինտերնետ:
Մի խոսքով, Սերժ Սարգսյանի Արարատ այցի կապակցությամբ առավոտից Ալիկ Սարգսյանն այնտեղ էր, պատրաստում էր «շեֆի» մուտքը, իսկ Հովիկ Աբրահամյանին մարզպետն ընդամենը հավուր պատշաճի հրավիրել էր երեկոյան ճաշի` քարոզարշավի շրջանակներում:
Մի քանի հարց` «ճաշվողներից» մարզպետ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ: 
-Պարոն Բարսեղյան, ինչո՞ւ Ջոնիկ Աբրահամյանը հանեց իր թեկնածությունը:
-Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է Կարինե Պողոսյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է Ջոնիկ Աբրահամյանին` չուզեց, հանեց:
-Ասում են` Ջոնիկ Աբրահամյանը դրեց իր թեկնածությունը, որովհետև մարզի ավելի ցածր «ռանգի ասողներն» «ասել» էին, եթե Ջոնիկը չդրեց, մենք ենք դնելու, Կարինե Պողոսյանն ո՞վ է, որ դնի. այդով` Ջոնիկը դրեց իր թեկնածությունը, որպեսզի կանխի այդ «բազարը»:
-Ես տեղյակ չեմ, ես Հովիկ Աբրահամյանի հետ շատ ջերմ, մտերմիկ հարաբերություններ ունեմ, նման խոսակցություն չի եղել ու չէր էլ կարող լինել:
-Մամուլը վերջերս գրել էր, որ մարզում Ալիկ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան դուետում «կամ- կամ»-ի սկզբունքն է իշխում. այն է` Հովիկ Աբրահամյանը «պահանջել» է, որ որտեղ` ինքը, այնտեղ Ալիկը չպիտի լինի: Այդպե՞ս է:
 -Իհարկե ոչ:
 -Չէ, վերջերս Ձեր միջոցառումներից մեկի ժամանակ Ալիկ Սարգսյանը բացակայում էր:
 -Բոլո՜ր միջոցառումներին մարզպետն Ալիկ Սարգսյանին հրավիրել է: Այդ միջոցառման ժամանակ նա հանրապետությունում չի եղել, դրա համար էլ չի մասնակցել:
 -Նորմալ, սիրուն հարաբերություննե՞ր են:
 -Նորմա՜լ, սիրո՜ւն:
 -Մարզում ԲՀԿ-ն ի՞նչ վիճակում է, ՀՀԿ-ն` ի՞նչ:
 -Սոցիոլոգիական հարցում պատվիրեք, թող գնան, տեսնեն:
 -Գնացին-տեսան` «զակոնում գրված, որ չոբան Չատին Սիբիր է գնում». այն է` ԲՀԿ-ն առաջանցիկ, վազանցիկ է մարզում: Դուք չե՞ք իրականացնում սոցիոլոգիա:
 -Ո՛չ:
 -«Ո՛չ», որովհետև վստահ եք, որ ՀՀԿ-ն կհաղթի՞, թե՞ ոչ, որովհետև…Հասկացաք:
 -Իհարկե, ՀՀԿ-ն կհաղթի: Միանշանակ:
 -Ապացույցնե՛ր:
 -Քարոզարշավն ու քվեարկությունը ցույց կտան:
 -Իսկ Արտաշատը` Արարատի մարզը, ամենաառաջանցի՞կը կլինի բոլոր մարզերից` ՀՀԿ-ի «մոմենտով»:
 -Ես պատրաստ չեմ Ձեր այդ հարցին պատասխանելու:
 -Ժամանակ ունեք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ